Աշխատանքային այցելություն Արցախի Հանրապետություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ պատվիրակությունը մեկնել էր Արցախի Հանրապետություն: Պատվիրակության կազմում էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Մարտուն Գրիգորյանն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության խորհրդական Տիգրան Ղուկասյանը:
2021 թվականի ապրիլի 13-ին և 14-ին ԱՀ նախագահի, հետագայում Քաղաքաշինության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների մոտ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, իրենց կողմից ներկայացվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում բնակավայրերի և ենթակառուցվածքների վնասվածության և բնակարանային ֆոնդի կորուստի վերաբերյալ ընթացիկ վերլուծություն:
Այցելության ընթացքում քննարկվել են քաղաքաշինական ոլորտում ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից առաջիկա քայլերը՝ բնակավայրերի վնասվածության և բնակարանային ֆոնդի կորուստի վերականգման աշխատանքներին աջակցելու և կարճաժամկետ լուծման տարբերակների ճանապարհային քարտեզը` դիտարկելով նաև մոտ ապագայում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախատեսումն ու իրականացման հեռանկարները:
ՀՀ վարչապետի 2021 թվականի մարտի 20-ի N272-Լ որոշման համաձայն` տեղում ուսումնասիրվել են առկա քաղաքաշինական փաստաթղթերը, նախատեսվող բնակարանային ֆոնդի համար նախատեսված տարածքներն ու հնարավոր քանակներն ըստ համապատասխան բաշխվածության, ինչպես նաև` պատերազմի հետևանքով ծառացած այլ քաղաքաշինական խնդիրների լուծումների տարբերակները:
Պատվիրակությունը այցելել է շինարարական հրապարակներ, հետևել Ստեփանակերտում բազմաբնակարան շենքի վերականգման աշխատանքների ընթացքին, այնուհետև այցելել Աստղաշեն համայնք, որտեղ մեկնարկել է բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները, այստեղ կտեղափոխվեն Սղնախ և Ջրաղացներ գյուղերի բնակիչները:
Պատվիրակության կողմից ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի անմիջական աջակցման ուղղություններն ու իրականացման տարբերակները: