ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.03.2021

Արցախյան գորգերը Երևանում են

Հայաստանում գորգագործությունը որպես արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ: Նույնիսկ  իտալացի ճանապարհորդ, գրող Մարկո Պոլոն իր գրքերից մեկում հիշատակում է, որ գորգերը գործում էին հույներն ու հայերը:

Պատմական Հայաստանում գորգերը և կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Ընդհանրապես գորգագործությունը հին մշակույթ էր և լուծում էր կենցաղային հարցեր: Հետաքրքիրն այն է, որ իր մեջ ներառված զարդանախշերը մասսայականացվել է գորգերի միջոցով՝ «ԶԼՄ գործառույթը» նախկինում գորգերն էին կատարում:

Նրանցում արտացոլվում էին աշխարհի արարումը, տղամարդ-կին հարաբերությունները և այլ կենցաղային թեմաներ:

2013 թվականին թանգարան այցելած գերմանացի արվեստաբան Ֆոլկմար Գանցհորնը, իր «Քրիստոնեական արևելյան գորգ» հետազոտական աշխատության մեջ  անդրադարձել է գորգի ծագումնաբանությանը և  խորհրդաբանությանը:

Արվեստաբանը թանգարանում շրջելուց հետո ասել է. -«Ձեր թանգարանն աշխարհում միակն է, որտեղ գորգերի բոլոր նմուշների ծագումնաբանությունը հստակ է։ Իհարկե ավելի հին և արժեքավոր գորգեր կարող եք տեսնել, բայց դրանց ծագումնաբանությունը հստակ չէ, քանի որ դրանք սկզբնաղբյուրից չեն ձեռք բերվել, մի քանի ձեռք են անցել մինչև թանգարանում հայտնվելը»:

Իրականում նույն սկզբունքով էլ հավաքվել են գորգերը, բոլորը ձեռք են բերվել ընտանիքներից, որտեղ նրանք ծնունդ էին առել:

«Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Ծաղկագորգ», «Աստղագորգ», բազմաթիվ գորգեր կհանդիպեք, սակայն հավաքածուի ամենահին գորգը 17-րդ դարի գործ է՝ 350 տարեկան։ Այն ձեռք է բերվել Ասկերան շրջանի Շոշ գյուղից: Հայտնի չէ  գորգի ընտանիքի պատկանելիությունը:  Մետաքսի վրա արված ասեղնագործ աշխատանքը հայկական ասեղնագործության բարձր դիրքերում գտնվող տեսակներից է: Ի դեպ, Շոշում ասեղնագործությունը շատ զարգացած էր։

Նրա վրա պատկերված է շողշողուն խաչ, նման զարդանախշ  Էջմիածնի Մայր Աթոռի թանգարանի  գանձարանում կգտնեք: Հազվագյուտ գործ է, նման զարդանախշ՝ այն էլ տեքստիլի վրա, երբեք չեք հանդիպի:

Յուրաքանչյուր գորգ  ունի իր կենսագրությունը: Առանձնացրել ենք  ձեզ համար մի քանիսը:

Հաջորդը՝ որդան կարմիրով ստեղծված գորգն է, մոտավորապես 170 տարեկան:

Աչք զարնող գորգերից է «Քարավանը»: Արցախյան այս գորգի վրա հայկական տառեր էլ կնկատեք: Կապույտից կարմիր անցումը խորհդանշում է  գիշեր-ցերեկ,  մեջտեղի զիգզագը` գիշերից  ցերեկ աստիճանաբար անցնելը:  Գորգում պատկերված ուղտերը վկայում են, որ «Մետաքսի ճանապարհ»-ը անցել է Արցախով:

Արցախյան գորգերում կարելի է նկատել մեղվի զարդանախշ, ինչը  աշխատասիրությունից զատ, նաև մոր պաշտամունքն էր,  քանի որ մորից էր սկսվում ծնունդը: Պատահական չէ, որ Արցախում 90 և ավելի բարձր տարիք ունեցող կանանց ասում են այա՝ սուրբ:

Շատ հաճախ կարելի է գորգերում տեսնել տղամարդու պատկերը: Ի տարբերություն իգական պատկերների՝ նրանք ավելի խոշոր են: Գորգերում կտեսնեք նոր ծնված, ծուռ ոտքերով, կարմիր հագուստով աղջնակի: Հնագույն ժամանակներում հավատում էին, որ տղամարդը ծնված օրից կրում է ցեղի հիմքը, իսկ աղջիկը ծնվում է մաքուր: Արշավանքների ժամանակ աղջիկներին գողանում  էին, դա արվում էր ազգը փոխելու համար:

Այս գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուն է և Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։ Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի վերջին Շուշիի գորգերի թանգարանի մոտակայքում մեծ հրթիռ էր պայթել և վնասել շինությունը, ջարդվել էին դռներն ու պատուհանները: 

  • Ցուցադրված են թվով 71 գորգ: Կարող եք այցելել ՀՀ քաղաքաշինության կոմիտե` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ:
  • Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի
  • Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00
  • Հասցե՝ Կառավարության տուն 3, մուտքը՝ Ալ. Թամանյանի արձանի մոտից: