26.01.2021
Ցավակցական
Ցավով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:
Ստեփան Նալբանդյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 4-ին: Սովորել և ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը:
1988 թվականի երկրաշարժից հետո «Երկիր և մշակույթ» հայաստանյան մասնաճյուղի նախագահն էր և այդ կազմակերպության միջոցներով էլ ձեռնարկել և իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բազմաթիվ անշարժ հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներ: Եղել է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» համանախագահ, Հայաստանի ճարտարապետների միության և ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ:
2019 թվականի հոկտեմբերի 14-ին Ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ, ճարտարապետության բնագավառում նշանակալի ավանդի համար Ստեփան Նալբանդյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից պարգևատրվել է «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով:
Նրա ավանդը մեծ է հայ ճարտարապետության զարգացման և հանրահռչակման գործում:
Քաղաքաշինության կոմիտեն խորին ցավակցությունն է հայտնում Ստեփան Նալբանդյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին:
Մասնագիտական և մարդկային բարձր հատկություններով օժտված շնորհաշատ ճարտարապետի անունը միշտ վառ կմնա ճարտարապետական հանրության շարքերում և նրա ընկերների հիշողության մեջ:
