Շինարարական պանելների նորարարական EPG տեխնոլոգիան արդեն Հայաստանում է
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը օրերս այցելել է EPG նորարարական տեխնոլոգիայով արտադրվող պանելների գործարան և հիմնադիր տնօրեն Խաչիկ Խաչիկյանի ուղեկցությամբ ծանոթացել արտադրական պրոցեսներին, մասնակցել պանելների փորձարկման աշխատանքներին:
Որպես շինարարական նոր արտադրանք EPG պանելները արտոնագրված են 50-ից ավել երկրներում։ Պանելների նորարարական տեխնոլոգիայի կիրառմամբ զգալի բարձրանում է շինարարության արդյունավետությունը և արագությունը։ Այն կազմված է եռակցված ամրանային կմախքից՝ պատված պոլիստիրոլով (շինարարական պենոպլաստ)։ Ամրանային կմախքն ապահովում է պանելի ամրությունը, ինչի արդյունքում շենքերի կառուցումը ավելի ճկուն է:
Էկո պանելները կիրառվում են և՛ որպես կրող արտաքին պատ, և՛ ներքին պատ, վերնածածկ, միջհարկային ծածկ և այլն: Դրանք հրակայուն են, և հնարավորություն են տալիս անհամեմատ արագ կազմակերպել շինարարությունը:
Ներկայումս արտադրության կազմակերպմանը զուգահեռ հիմնադիրները ձեռնամուխ են եղել նաև արտադրանքի փորձարկման աշխատանքներին, որի սեյսմակայունության նախնական արդյունքները հուսադրող են: Շինարարության նոր տեխնոլոգիայի ներդրման և արտադրության անխափան մեկնարկը մեծ հույսեր են ներշնչում արագ և հուսալի տնաշինության իրականացման համար, որի անհաժեշտությունը այսօր առավել մեծ ու կարևոր է ինչպես Արցախում, այնպես էլ Հանրապետության տարածքում ընդհանրապես: