Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցը
32 տարի առաջ այս օրը Հայաստան աշխարհը պատուհասեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որն ընդգրկեց հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին գյուղեր, քաղաքներ: Ավերվեցին տարբեր նշանակության հաստատություններ, հանրային, տրանսպորտի և կապի, կոմունալ տնտեսության մեծաքանակ օբյեկտներ, ենթակառուցվածքներ, ճարտարապետական և պատմական, արվեստի հուշարձաններ: Քանդվեց կամ բնակության համար ոչ պիտանի դարձավ բնակարանային ֆոնդի մեծ մասը:
Ամենացավալին ու անդառնալին՝ շուրջ 25000 զոհ ունեցանք, բազում վիրավորներ: Խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր, շատ մարդիկ հաշմանդամ դարձան:
Անհաղթահարելի թվացող աղետից հետո մեր ժողովուրդը վերապրեց՝ իր կողքին ունենալով աշխարհի մեծ ու փոքր բազմաթիվ երկրների, ժողովուրդների, անհատների, սփյուռքի անմնացորդ աջակցությունը: Օգնությամբ և մխիթարանքով բազմաթիվ ձեռքեր մեկնվեցին մեր ժողովրդին:
Երկրաշարժից անմիջապես հետո, ինչպես նաև դրան հաջորդած տարիների ընթացքում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին վերականգնվել են բազմաթիվ դպրոցներ և նախադպրոցական օբյեկտներ, հիվանդանոցներ, ենթակառուցվածքներ և ճանապարհներ, լուծվել է մոտ 65 հազ. ընտանիքի բնակարանային խնդիր:
Ավարտական փուլում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում՝ շուրջ 70.0 մլրդ դրամի հաշվին, բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն է ստացել ևս 5406 ընտանիք, որից միայն 2020 թվականի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ՝ 229 ընտանիքի բնակապահովման խնդրի լուծման համար:
Չնայած իրականացված աշխատանքներին, դեռևս կանոնակարգման ենթակա են տարերայնորեն տեղակայված ժամանակավոր կացարաններում (տնակներում), վթարային շենքերում ու շինություններում բնակվող ընտանիքների խնդիրները:
Ընդ որում, այդ խնդիրները կարևորվում են ինչպես այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, այնպես էլ տարածքները բնակության համար ոչ անվտանգ և քաղաքաշինական միջավայրին ոչ հարիր շինություններից (վթարային շենքեր, չշահագործվող կիսակառույցներ, ժամանակավոր կացարաններ) ազատելու համատեքստում՝ նպատակ ունենալով վերականգնել տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը:
Այս խնդիրների կանոնակարգման ժամանակ անհրաժեշտ է, որ ցուցաբերվող մոտեցումները կոչված կլինեն մարդկանց մոտ ամրապնդել արժանապատիվ կեցության և բարեկեցիկ ապագայի կերտման հարցում իր ներգրավվածության զգացումը։
Իսկ մեր ամենօրյա աշխատանքները՝ բացի աղետների հետևանքների վերացումից, պետք է ուղղված լինեն նման աղետների կանխարգելմանը, դիմակայմանը:
Խունկ ու աղոթք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Մեր երախտիքը յուրաքանչյուրին, ով ներդրում է ունեցել երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտին ոտքի բարձրացնելու հարցում: