«Շինարարական փորձաքննության ինստիտուտի զարգացում» թեմայով IV Միջազգային տեսակոնֆերանս
2020 թվականի նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Շինարարական փորձաքննության ինստիտուտի զարգացում» թեմայով IV Միջազգային տեսակոնֆերանսը:
Տեսակոնֆերանսին մասնակցել են ԱՊՀ-անդամ երկրների պետական մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների շուրջ 120 ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետություններից:
Տեսակոնֆերանսին ներկա էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը և Կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը:
Ելույթի շրջանակներում պարոն Ա.Ղուլարյանը նշել է, որ առավելապես կարևորվում է նմանատիպ կոնֆերանսներին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մասնակցության և քաղաքաշինության ոլորտի խնդիրների բաց քննարկումների հնարավորությունը՝ հատկապես քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության ինստիտուցիոնալ հիմունքների ներդրման, իննովացիոն տեխնոլոգիաների , գիտա-փորձարարական առաջադեմ փորձի, մաթեմատիկական մոդելավորման զարգացման խնդիրների առնչությամբ, որոնք անմիջականորեն կապված են քաղաքաշինական օբյեկտների անվտանգության և հուսալիության ապահովման հետ:
Արմեն Ղուլարյանն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ոլորտային բարեփոխումների նախաձեռնություններին՝ մասնավորապես նախատեսվող օրենսդրական և ենթաօրենսդրական ռեֆորմներին:
Ավարտելով իր ելույթը՝ պարոն Ա. Ղուլարյանը մեկ անգամ ևս նշել է, որ առաջնահերթ և նշանակալից է համարում փոխգործակցությունն ու փորձի փոխանակման հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ-երկրների մասնագետների և մասնագիտացված կառույցների հետ, ոլորտում տեղ գտած խնդիրների և խոչընդոտների հաղթահարման գործում:
Աշխատանքների ամփոփման փուլում տեսակոնֆերանսին միացել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը: