Ցավակցական. Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը
Անփոխարինելի Գուրգեն Մուշեղյանը և նոր «Մուշեղյաններ» ունենալու հրամայականը.
Քաղաքաշինության կոմիտեն խորը ցավով տեղեկացնում է, որ 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Ներսեսի Մուշեղյանը: Նա իր երկարամյա նվիրական աշխատանքով, մասնագիտական ունակություններով մեծ ներդրում է ունեցել քաղաքաշինության հիմնախնդիրների լուծման գործում:
Գուրեգեն Մուշեղյանը ծնվել է 1934թ. Լենինականում (ներկայումս` Գյումրի): 1959թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը։ 1959-1962թթ. եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1962-1964թթ.՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967թթ.՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1989թթ. զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի, 1989-1995թթ. «Հայաստանի Քաղաքաշինության ԳՀՆԻ» տնօրենի պաշտոնները։ 1998թ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։
2001-2009թթ. եղել է Երևաննախագիծ ՓԲԸ գործադիր տնօրենը։ Դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում։
1963 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիայի անդամ, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս։ Հայաստանի և ԽՍՀՄ Պետական Մրցանակների դափնեկիր (1987թ.) է, պարգևատրվել է ՀՀ վարչապետի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի շինարարների և ճարտարապետների միությունների, Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի շնորհակալագրերով, պատվոգրերով և հուշամեդալներով։ 1979թ. արժանացել է Վաստակավոր ճարտարապետի կոչման:
Գուրգեն Մուշեղյանի հեղինակած և հեղինակային խմբերում իրականացրած մի շարք նախագծեր, որոնցից են՝ Երևանի «Հրազդան մարզադաշտ» (1979թ.), Գյումրի քաղաքի օդանավակայան (1982թ.), Երևանի Մարզահամերգային համալիր (1984թ.), հասարակական և քաղաքացիական օբյեկտներ, և բազմաթիվ շենքեր ու շինություններ իրենց արժանի տեղն են գրավել հայկական ճարտարապետության պատմության էջերում։ Դրանցից շատերն արժանացել են Պետական մրցանակների:
Հեղինակ է նաև հողի, անշարժ գույքի, քաղաքաշինության կադաստրի բնագավառում ավելի քան 50 նախագծերի:
Մուշեղյանի ղեկավարությամբ 1991-1995թթ. կազմվել են ՀՀ քաղաքների հողօգտագործման, սեյսմիկ գոտիներում քաղաքաշինության համակարգերի կայունության ու հուսալիության նախագծեր, Երևանի 2006-2020թթ. գլխավոր հատակագիծը (2001-2005թթ.)։ Համահեղինակ է «Քաղաքային հողօգտագործումը շուկայական տնտեսության պայմաններում» ուսումնական ձեռնարկի (1990թ.):
Բազմաթիվ գիտահետազոտական հաշվետվությունների և գիտական հոդվածների հեղինակ է:
Երկար կարելի է թվարկել Գուրգեն Մուշեղյանի նվաճումներն ու միայն իրեն հատուկ ունակությունները: Այս բազմաթիվ շնորհների հետ միասին սակայն, եզակի էր նրա անդավաճան սերն իր մասնագիտության նկատմամբ: Մեծ է նրա դերը որպես ճարտարապետի, ուսուցչի, քաղաքացու: Նա անսահման սիրահարված էր իր Հայրենիքին, Երևանին, Գյումրուն:
Քաղաքաշինության կոմիտեն և ճարտարապետական ողջ հանրությունը խորին ցավակցություն է հայտնում Մեծ ճարտարապետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին: