Այցելություն Տավուշի մարզի սահմանամերձ գոտի
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ քաղաքաշինության ոլորտի պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները օրերս այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ գոտի` տեղում ծանոթանալու մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Խմբում ընդգրկված էին Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանը, «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը, «Կամուրջշին» ՓԲԸ խորհուրդի նախագահ Վլադ Ասատրյանը և «Արս-Շիլ» ՍՊԸ տնօրեն Արսեն Ղահրամանյանը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի և համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ` պատվիրակությունը այցելել է Այգեպար գյուղ, ծանոթացել հրետակոծությունից տուժած տների վերականգնողական աշխատանքների ընթացքին, որից հետո կատարվել է նոր կառուցվելիք ապաստարանի հողատարածքի ընտրություն: Դեռևս օրեր առաջ Կոմիտեում տեղի ունեցած քննարկումների արդյունքում «Հայնախագիծ» ԲԲԸ մասնագետների կողմից արդեն իսկ մշակվել էր մարզում ապաստարանի տիպային նախագիծը: Հայտնի է նաև շինարարական ընկերությունը, որը պետք է իրականացնի ապաստարանի շինարարությունը:
Շինարարների միության և նախագծողների կողմից ուսումնասիրվել է նաև դպրոցի մարզադահլիճի պատերի վրա առաջացած փլուզումների պատճառները և վերականգնման ուղղությամբ տրվել են անհրաժեշտ առաջարկություններ:
Պատվիրակույթյունը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում և ծանոթացել արդեն իսկ տեղադրված հավաքովի թաքստոցի կոնստրուկտիվ լուծումներին և իրականացրած աշխատանքների որակին:
Մեծ թափով ընթանում է նաև Չինարի գյուղում կառուցվող Աղասյանների նոր տան շինարարական աշխատանքները: