07.08.2020
Շնորհավորական ուղերձ Շինարարի օրվա կապակցությամբ
Օգոստոսի 9-ն օրացույցում առանձնացված ամենասպասված տոնական իրադարձություններից է: Այս տարի, իրավիճակով պայմանավորված, ցավոք ոչ մեծ շուքով, բայց դարձյալ անասելի հպարտությամբ նշում ենք Շինարարի օրը:
Հարգարժան շինարարներ, ոլորտի նվիրյալներ, թանկագին գործընկերներ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի անունից շնորհավորում եմ բոլորիս գալիք մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հայ Շինարարն աշխարհին հայտնի է իր հեղինակած գլուխգործոցներով: Նա է, որ իր աշխատանքով նպաստում է հայ ժողովրդի անվտանգության, տնտեսական, հոգևոր, մշակութային առաջընթացին:
Շինարարներն են, որ ամեն օր քրտնաջան, բարեխիղճ, անձնուրաց գործով կերտում են մեր նոր Հայաստանը:
Շինարարությունը մեծ պատասխանատվություն է և հարգանք անցյալի, մեր արժեքների և գալիք սերունդների նկատմամբ:
Ավելի քան վստահ եմ, որ ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների ներդրումը, հայ Շինարարի մտքի թռիչքը ավելի լայն հորիզոններ է բացելու մեր առջև:
Հետամուտ լինելով երկրի զարգացման և բարելավման գործընթացին՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը նախաձեռնել է բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնց իրագործման համար անհրաժեշտ է համախմբել մեր մասնագիտական ներուժը:
Հարգելի բարեկամներ, կրկին շնորհավորում եմ Շինարարի տոնի կապակցությամբ: Թող Աստված Ձեզ ուժ և զորություն տա, նպատակասլացություն, գաղափարներն իրագործելու վճռականություն պարգևի, ստեղծաբար աշխատելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացման:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և բարօրություն Ձեր ընտանիքներին: