Մատի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Վայոց Ձորի մարզպետարանում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մարտի 5-ին Վայոց Ձորի մարզպետարանում համայնքների ղեկավարների, մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և այլոց մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում՝ քաղաքաշինության ոլորտում օրենսդրության և գործող նորմատիվաիրավական ակտերի պարզաբանումների և մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման աշխատանքների հանրային լսումների վերաբերյալ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության 2011 թ. 1920 որոշման դրույթները, հողամասերի փոփոխության ընթացակարգը, ներկայացվող փաստաթղթերի փաթեթի կազմին ներկայացվող պահանջները։ Խոսվել է նաև համալիր փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի կազմին ներկայացվող պահանջների և ընթացակարգի մասին: Ներկայացված երկու փաստաթղթերի մասով կոմիտեի կողմից մշակվել են ուղեցույցներ, որոնք առաջիկայում կտեղադրվեն կոմիտեի կայքում և հասանելի կլինեն բոլորին՝ պարզեցնելով վերոնշյալ գործընթացները։ Կոմիտեի ճարտարապետության բաժնի ղեկավար Հարություն Հարությունյանը ներկայացրել է շինարարական թույլտվությունների վերաբերյալ բարեփոխումների համակարգը: Ներկաները հանդես են եկել առաջարկություններով: Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի քննարկման շրջանակում ոլորտը համակարգող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները մանրամասնել են կատարված աշխատանքները, առաջիկա հաջորդական փուլերը: Նախագծող կազմակերպության՝ «Հայնախագիծ» ԲԲԸ ներկայացուցիչն առավել մանրամասն խոսել է յուրաքանչյուր համայնքի մասով իրականացված աշխատանքների մասին: Վայոց Ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովսեփյանն, ամփոփելով մարզում կատարված աշխատանքների մասին, հորդորել է լինել ակտիվ և շարունակաբար գրավոր կամ բանավոր կարգով տեղեկացնել հնարավոր խնդիրների մասին, ներկայացնել առաջարկություններ: