Գ. Սունդուկյանի անվ. ակադեմիական թատրոնում տեղի ունեցած մասնակի փլուզման վերաբերյալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ուր նախօրեին մասնակի փլուզվել էր ձմեռային այգուն կից արտաքին աստիճանավանդակը։ Նրա հետ միասին տեղում են եղել ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը և քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Վերջիններս թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել են առկա իրավիճակին և նախնական եզրակացություններ կատարել փլուզման պատճառների վերաբերյալ: Առաջարկվել է ձեռք բերել համապատասխան տեխնիկական եզրակացություն և վերանայել աստիճանավանդակի կիրառական անհրաժեշտությունը, հնարավորության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել ու տվյալ աստիճանավանդակն ամբողջությամբ ապամոնտաժել: Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ քննարկում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, և պայմանավորվածության համաձայն կստեղծվի աշխատանքային խումբ, որը և կներկայացնի առաջարկություն աստիճանավանդակի չփլուզված հատվածի ապամոնտաժման վերաբերյալ: Արդյունքում անհարժեշտ միջոցներ կձեռնարկվեն քաղաքացիների և կառույցի անվտանգության ապահովման համար: