Դեկտեմբերի 7-ը նշվում է, որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր
Դեկտեմբերի 7-ը նշվում է, որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր: Սպիտակի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցն է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից շարունակաբար համակարգվում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցությամբ իրականացվող ծրագիրը: Նախորդ տարի պետբյուջեով հատկացված 458.0 մլն. դրամի շնորհիվ մենք կարողացանք լուծել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում անօթևան 44 ընտանիքի բնակարանային խնդիրը: Տնտեսված գումարների հաշվին ծրագիրն իրականացրած ընկերությունն ավարտին կհասցնի լրացուցիչ 7 կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքներ: Արդեն այս տարվա պետբյուջեով հատկացված 560.0 մլն դրամի շնորհիվ լուծման ընթացքում է գտնվում ծրագրի շահառու ճանաչված 61 ընտանիքի բնակարանային խնդիր: Ծրագրի շահառու ճանաչված, մնացած 453 ընտանիքներից 227-ին բնակարանային խնդրի լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1.291,6 մլն. դրամ: Մնացած ընտանիքների բնակապահովման հարցը ՀՀ կառավարության գործունեության միջոցառումներով նախատեսված է լուծել մինչև 2020թ. տարեվերջ: Այս կապակցությամբ 2020 թվականին պետբյուջեով նախատեսվել է 3.0 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվել են երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման, այդ շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման և տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացների վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները: Հավաքագրվել և ամփոփվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո տեղադրված ավելի քան 7000 ոչ հիմնական շինություններ: Այժմ նախապատրաստվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան կառավարությանը՝ սահմանել ոչ հիմնական շինությունների ազատման, քանդման, դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հետ կապված կարգերը: