ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԶԾ-ի միջև հուշագրի ստորագրում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին ստորագրել են մտադրությունների մասին հուշագիր: «Այս համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի»,-նշել է Դմիտրի Մարիյասին, և ծրագրի իրականացման կարևորությունը դիտարկել նաև սոցիալական հարթակում, քանի որ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը հնարավորություն կտա խնայել ծախսերը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է համատեղ իրականացված աշխատանքները հասարակական, բազմաբնակարան շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի մշակման, բազմաբնակարան շենքերի պահպանման, հուսալիության բարելավման, էներգաարդյունավետության բարձրացման և շահագործման կանոնների նախագծերի պատրաստման ծրագրերի մասով: Վահագն Վերմիշյանը հույս է հայտնել, որ համագործակցության շրջանակներն առաջիկայում կընդլայնվեն և հնարավորություն կստեղծվի հետագա ծրագրերում ընդգրկել նաև Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնը և Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: ՄԱԶԾ և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համագործակցության հետագա ուղիների մասին է մանրամասնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը: Միջոցառումն ամփոփվել է Ալ. Թամանյանի անվան թանգարանում «Կորուսյալ արվեստ» խորագրով անգնահատելի նյութերին ծանոթացումով: