ՀՀ քաղաքաշինության կոմիտեում մեկնարկել է Երևանի պատմամշակութային դիմագծի պահպանմանը ուղղված նոր՝ «ProfEye Challenge» նախագիծը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեում մեկնարկել է Երևանի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված նոր՝ «ProfEye Challenge» նախագիծը: «ProfEye Challenge»-ը դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ կլինի, որը հնարավորություն կընձեռի կյանքի կոչել նրանց մտահղացումները: Ծրագրով, որպես առաջին մարտահրավեր, նախագծեր կմշակվեն պատմություն և խորհուրդ ունեցող Երևանի մամուլի շենքի համար: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար մեծ տեղ է տրված մասնավոր հատվածին, և ՀՀ կառավարությունն այսօր ստեղծել է բոլոր հնարավորությունները, պայմաններ, բարենպաստ միջավայր ապահովել նոր ներդրումների համար: «Այս ծրագրի շնորհիվ շատ ճարտարապետներ կկարողանան ցույց տալ իրենց պոտենցիալը և կարծում եմ, որ ապագայում Մամուլի շենքը կտեսնենք ավելի գրավիչ, հետաքրքիր և արդիական»,- ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը և վստահություն հայտնել, որ այս նախագիծը շարունակական կլինի: «ProfEye Challenge»-ի շրջանակում ճարտարապետներն իրենց նախագծերը կարող են ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 28-ը: Հոկտեմբերի 1-7-ը լինելու է քվեարկություն, սահմանված է 3 հորիզոնական և երկու անվանակարգ: Անվանակարգերից մեկում հաղթող կճանաչվի այն ճարտարապետը, ում նախագծին հավանություն կտա Քաղաքաշինության պետական կոմիտեն, մյուս անվանակարգի հաղթողին կընտրեն ԶԼՄ-ները: Յուրաքանչյուր լրատվական գործակալություն կունենա մեկ ձայնի հնարավորություն: Ծրագիրն իրականացվելու ողջ Հայաստանում և միայն Երևանով չի սահմանափակվելու: Նախագծերը կցուցադրվեն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: