«Բագրատունյաց մայրաքաղաք Անին Ռուբեն Ղևոնդյանի աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը ճարտարապետության թանգարանում
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում տեղի է ունեցել «Բագրատունյաց մայրաքաղաք Անին Ռուբեն Ղևոնդյանի աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը: Բացմանը խոսքով հանդես եկան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ Վահագն Վերմիշյանը, թանգարանի տնօրեն՝ Մարկ Գրիգորյանը, թանգարանի գիտական քարտուղար՝ Աշոտ Գրիգորյանը, արվեստաբան-լրագրող՝ Կարեն Միքայելյանը: Ցուցահանդեսում ներկայացված են հայ նկարիչ, մոնումենտալ որմնանկարների հեղինակ Ռուբեն Ղևոնդյանի «Միջնադարյան Անի մայրաքաղաքի համայնապատկերը» (թուղթ, մատիտ, ջրաներկ, 3.8մ x 2.55մ, թանգարանում է պահվում 2000-ականներից) և «Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք՝ Անի» մեծադիր աշխատանքները (կտավ, յուղաներկ, 5մ x 3մ, 2005-2010թթ., թանգարանում է պահվում 2016 թվականից), Անի մայրաքաղաքի եկեղեցիներից մի քանիսի աշխատանքային մանրակերտերը: Բոլոր այս ցուցանմուշները պահվում են թանգարանում: