Շինարարի օրվա առթիվ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի շնորհավորական ուղերձը
Այսօր մենք նշում ենք Շինարարի օրը: Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ: Շինարարի տոնը մեծ խորհուրդ ունի: Ամեն տարի այս օրը մենք հպարտության անասելի զգացումով մեծարում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի բոլոր նվիրյալներին: Հայ Շինարարն, ով աշխարհին հայտնի է իր հեղինակած գլուխգործոցներով, կարևորագույն դեր ունի հայ ժողովրդի անվտանգության, տնտեսական և հոգևոր առաջընթացում: Շինարարներն են, որ ամեն օր քրտնաջան, անձնուրաց աշխատանքով կերտում են մեր նոր Հայաստանը, լավագույն կենսապայմաններ ապահովում մեր քաղաքացիների համար: Շինարարությունը նաև մշակույթ է, պատասխանատվություն և հարգանք: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ներկայում մեծ դեր ու պատասխանատվություն է ստանձնել: Այս նոր իրավիճակում առաջին հերթին պարտավոր ենք բնագավառում ապահովել արդարություն: Զարգացման հնարավորությունները մեծ են, դաշտը թափանցիկ: Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ հեռանկարային ծրագրերի իրագործում: Լավագույն տեխնոլոգիաների ներդրմամբ հայ Շինարարի մտքի իրագործումը հեղափոխական նշանակություն է ունենալու բնագավառում: Ժամանակն է լինել նախաձեռնող և նախանձախնդիր: Շատ շուտով բնագավառում վերելք է արձանագրվելու: Հայաստանի բնակչության թիվը տարեցտարի աճելու է և եթե կառավարությունն իր առջև նման խնդիր է դրել, բնակմակերեսների և ենթակառուցվածքների շինարարությունը նույնպես նոր թափ է առնելու: Այստեղ է, որ դարձյալ անփոխարինելի է Հայ Շինարարի դերը՝ իր քրտնաջան, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի առաքելությամբ: Հարգելի բարեկամներ, կրկին շնորհավորում եմ Շինարարի տոնի կապակցությամբ: Թող Աստված Ձեզ ուժ և զորություն, գաղափարներն իրագործելու կամք տա՝ անվերջ արարելու և ստեղծագործելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրրություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, և ամենայն բարիք …