ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանին
Միասնական, փոխհամաձայնեցված ու ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ միայն կարելի է ընդհանուր զարգացում ունենալ Հայաստանի քաղաքաշինության բնագավառում: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը` հանդիպում ունենալով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ: Վահագն Վերմիշյանը նշել է, որ Հայաստանում ջրմուղ-կոյուղու բոլոր համակարգերը կառավարելու իրավունք ստացած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, հանրային ծառայությունների ոլորտն արդիականացնելիս, անշուշտ պետք է համագործակցի և համատեղ աշխատանք տանի տեղական իշխանությունների հետ:
«Մինչ ճանապարհաշինության մեկնարկը և դրա ընթացքում է միայն հարկավոր կատարել բարելավման, վերանորոգման ու կապիտալ հիմնանորոգման աշխատանքները»,-ասել է քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Վահագն Վերմիշյանը Գոռ Գրիգորյանին առաջարկել է նոր տեխնոլոգիաների գործարկմամբ աշխատանքի այլընտրանքային տարբերակներ, ինչպես օրինակ, արտասահմանյան շատ երկրներում արդյունավետ կիրառվող կեղտաջրերի մաքրման լոկալ համակարգերի ստեղծումը:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը ողջունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի մոտեցումները և իր պատրաստակամությունը հայտնել աջակցելու տեղական իշխանություններին նաև մի շարք խնդրահարույց համայնքներում խմելու ջրի արտադրության, վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի ստեղծման գործընթացում: